Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Գեղեցիկ պատմություն հայրենիք վերադարձի մասին»

«Գեղեցիկ պատմություն հայրենիք վերադարձի մասին»
15.10.2022 | 10:54

Ֆելիքս Բախչինյանի սույն գրության նյութի ընտրությունը պատահական չէ, կարելի է ասել, նույնիսկ բնական շարունակությունն է հայի ու հայկականի ֆիզիկական ու հոգևոր բոլոր տեսակի դրսևորումների այն որոնումների, պեղումների, որ ուղեկցում են նրան տասնամյակներ շարունակ, և որոնց զանազան մարմնավորումներին հանդիպել ենք նրա մինչ այժմ հրատարակած գրքերում ու պատումներում:


Տվյալ դեպքում խոսքը պատմական Արաբկիրից սերող Չեմբերջյանների տոհմի և նրա արժանավոր զավակներից մեկի՝ Գաբրիելի մասին է, որն առավել մոտ ու հարազատ է ինձ՝ որպես արաբկիրցու ժառանգի: Քաջատեղյակ լինելով Արաբկիրի ու արաբկիրահայերի ստեղծագործ մտքին, արարող ոգուն, բարի ու մարդասիրական խառնվածքին, պայքարելու կամքին ու զորությանը, որոնք արձանագրված են շատ գրական ու վավերագրական աղբյուրներում՝ սկսած Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցի դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսին իրագործած պատմական առաքելության ընթացքում կատարած դիտարկումներից մինչև 1969-ին Նյու Յորքում հրատարակված «Պատմություն հայոց Արաբկիրի» հազար էջանոց հատորը, կարող եմ վկայել, որ Գաբրիել Չեմբերջյանի ու նրա նմանների այսօրվա երևույթը լիովին տեղավորվում է արաբկիրահայության մեծագործությունների ծիրում:


Նախաձեռնելով իր սույն գեղարվեստավավերագրական երկը՝ Ֆելիքս Բախչինյանը նախ և առաջ փորձել է իր համար հստակեցնել չափազանց կարևոր մի խնդիր՝ որտե՞ղ փնտրել «գրի մոգության ներթաքույց լիցքերը»… Բանն այն է, որ դրանք դժվար է գտնել ներկա ժամանակում, քանզի «ցնդել, լղոզվել ու սպառվել են գորշ օրերի մեջ»: Գուցե մոտ անցյալո՞ւմ, «երբ ամբողջ ազգով ասես ուխտի էինք ելել մեր հույսերի ու հավատի Արարատն ի վեր», բայց, …«արդյոք չի՞ խաբել նաև այդ ժամանակը», որը ևս կարծես «արդեն ուրիշ է թվում»… Մնում է գնալ մեկ այլ ժամանակ, «մի ուրիշ վայր, ուր երբեք չեն սպառվում նշխարները, ու երբեք չեն մարում ճրագները»: Այսինքն՝ Էրգիր, որն ըստ էության, «ամենաանանց արժեքն է», որը մշտապես «հավաքել, միավորել ու միավորում է ՀԱՅԻ տեսակին»: Եվ ահա, Ֆ. Բախչինյանը, չնայած բոլոր վտանգներին ու վարանումներին, որոշում է մտնել աշխարհասփյուռ հայության բազմամիլիոն ճակատագրերի, կյանքի պատմությունների «տիեզերական օվկիանոսը»՝ ի լուր աշխարհի աղաղակելու համար «անպատմելի պատմությունը» հայի, որը ոչ մի պարագայում չի կորչելու և, ջրերի խորքը սուզվելուց անգամ, մի օր, միևնույն է, ինչպես ծովը նետված շիշը, դուրս է լողալու անհուն ջրերի միջից…


Ֆելիքս Բախչինյանի այս գրվածքը, ինչպես ասվեց, թուրքական եղեռնից մազապուրծ «Սփյուռքի ամենանվիրական ու ազնվատոհմիկ գերդաստաններից մեկի»՝ Չեմբերջյանների պատմությունն է, որը, ինչպես ավանդական հայ մամիկների հրաշալի արվեստի՝ շյուղագործության կծիկը, թել առ թել, զգուշորեն բացում է հեղինակը՝ փորձելով հասնել բուն միջուկին՝ հավատալով, թե «այնտեղ պիտի որ գտնենք մաշված մագաղաթի վրա խունացած տառերով գրված զորավոր թուղթը, /…/ Չեմբերջյանների ճակատի գիրը… հայ մարդու ճակատագիրը, հավերժագիրը…»: Ու թեև գրվածքի գլխավոր հերոսը՝ հայ անվանի բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվո նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, ծնվել է 1952-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում, բայց դա, հեղինակի վկայությամբ, Չեմբերջյան տոհմի՝ պատմական Արաբկիրից սկսվող և Այնթապով անցնող մեծ պատմության մի «փոքրիկ հանգրվանն է» միայն: Ահա թե ինչու, Ֆ. Բախչինյանի համոզմամբ, այդ պատմությունը «չի կարող սկսվել Հալեպից», ուրեմն և «հոգու, մտքի, պատմության ու բանաստեղծության թևերով» հարկավոր է ուխտի գնալ դեպի նախասկիզբը՝ Արաբկիր՝ «այնտեղից նորից վերադառնալու ուխտով»: Այսպես ահա, «պանդուխտ հայի սրտակեղեք օրհներգը՝ «Քելե լաո»-ն սրտում և հոգում հնչեցնելով, ճամփա է ելնում նա՝ «միջուկի գիրը» այնտեղ որոնելու և գտնելու հույսով ու վճռականությամբ: Մնացյալը, սիրելի ընթերցող, կգտնես գրվածքի էջերում՝ հեղինակի հետ միասին յուրատեսակ ճամփորդության ելնելով գրքույկի հերոսի կյանքի և գործի զանազան հանգրվաններում ծանոթանալով հայրենիքում և Սփյուռքում բազմաթիվ ազգօգուտ նախաձեռնություններով հայտնի երախտավոր բարեգործներից մեկի՝ Գաբրիել Չեմբերջյանի, նրա ընտանիքի և տոհմի պատմությանը:

Կառնչվես հայրենիքի և ժողովրդի ներկայի ու ապագայի մասին հայաշունչ և ուսանելի մտքերին ու խոհերին: Վերջապես, նաև քեզ համար կբացահայտես ներկայացվող «ամբողջ պատմության միջուկը, կծիկի գիրը… ճակատի գիրը…», որ պարզ ու մատչելի մի ձևակերպմամբ հնչում է որպես «գեղեցիկ պատմություն» Հայրենիք վերադարձի մասին:


Պետրոս Դեմիրճյան
Հայաստանի գրողների միության քարտուղար,
բանասիրական գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 11089

Մեկնաբանություններ